Ընդունվելու դեպքում այս նախաձեռնությունը կարող է շատ արդյունավետ լինել, մասնավորապես, բուհերի համար. նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նոյեմբերի 23-ի աշխատանքային ընթացակարգով քննարկման ժամանակ:
Նախաձեռնությունը քննարկելու, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնելու նպատակով խորհրդարանում էին Կառավարության, Կենտրոնական բանկի եւ բուհերի ներկայացուցիչները:
Նախկին պատգամավոր, ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը, որը նմանօրինակ օրենքի նախագծի համահեղինակ է եղել, կարեւորել է նախագծի ընդունումը, որով ՊՈԱԿ-ները, ինչպես նաեւ բուհերը, կկարողանան ստեղծել հիմնադրամներ, որոնց էլ նվիրատու բարեգործներն անհատույց կկարողանան տրամադրել գումարներ՝ իրականացնելու որոշակի նպատակային գործունեություն: Առաջարկվում է նման հիմնադրամներին ազատել շահութահարկի վճարումից: Ակնկալվում է, որ հիմնադրամների ստեղծումը որոշակիորեն կապահովի բուհերի ֆինանսական կայունությունը:
Քննարկման մասնակիցները հիմնականում ընդունելի են համարել օրենսդրական նախաձեռնության գաղափարը, ներկայացրել նաեւ որոշակի մտահոգություններ:
Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը քննարկման մասնակիցներին առաջարկել է գրավոր ներկայացնել առաջարկներն ու դիտողությունները, որոնք կքննարկվեն եւ ընդունելի լինելու պարագայում կներառվեն նախագծում: